воскресенье, 30 июня 2013 г.

The beauty of Armenia from the window of my SUV, at an altitude of about 3000 meters above sea level. 30 June, 2013.

Հայաստանը 2 500 մետր բարձրությունից այն կողմ

Ուրեմն, սկզբից... ֆոտոյիս մարտկոցը մոռացել էի տանը... պայուսակիս մեջ գտա փոքրիկ ֆոտոն, որն էլ վաղուց չէր լիցքավորվել, շուտ նստեց: Ինչ կարողացել եմ նկարել՝ հեռախոսի ֆոտոյով է: Ցույց տալու քիչ բան կա, ստիպված պետք է պատմեմ: :))



Վաղուց էինք մտադրվել գնալ և տեսնել Եղիպատրուշ գյուղը: Կարդացել էի, որ հին՝ 2-3 դդ մթա բնակավայր է եղել: Պեղումների արդյունքում գտնվել են դամբարաններ եւ կենցաղային պարագաներ: Սակայն դա չէինք ուզում տեսնել, այլ՝ Աստվածածին եկեղեցին, որը միակը չէ, բայց անասելի ինքնատիպ է. իր նմանը Տեղեր գյուղում է: 









Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգագատուն-եկեղեցիներ կառուցված` 3-րդ հարկ: Ընդ որում, Տեղերում 3րդ հարկի զանգագատները կառուցվել են գավթի կտուրին` շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում` գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի 2 անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա: Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի:












Կիսաքանդ էր… 88-ից այս կողմ ոչ մի աշխատանք չէր արվել, ու պատմության այդ հսկա վկան, որ կաթողիկոս է տվել Հայաստանին, լուռ սպասում էշատ եմ ափսոսում, որ երգել չգիտեմ, ուզում եմ մի շարական հնչեցնել մեր կիսաքանդ ու լքված եկեղեցիներում, որ լռի վերջապես կողքի տներից հնչող նեյնիմն ու չզըվըզը



















Հետդարձ: Մտածում եմ, այսօրվա ճամփորդությունը շուտ ավարտվեց: Ավելի լավ, ինքս ինձ մխիթարում եմ, մեկ է՝ ֆոտո չկա... մի ուրիշ անգամ ֆոտոյով ավելի պատրաստված կգամ: Բայց... ասա ով է ընկերդ, կասեմ, ով ես դու... ա՛յ, թե ճիշտ է ասված: Զգում եմ, որ  ամուսնուս սրտով էլ չէ, որ շուտ ավարտվեց ուղևորությունը: Բայց ինչ իմանայի, թե ինչ էր նրա մտքում: Ասաց, թե նայիր քարտեզով Թթու ջուր գյուղը շա?տ հեռու է...




Դեռ բերանս չբացեցի, նա արդեն գյուղացիներից ճշտեց, որ Եղիպատրուշի մուտքից մի ճամփա կա՝ մայրուղին շրջանցող ու միանգամից Թթու ջուր դուրս եկող ճամփա էրՍկսվեց... դաշտերը, ծաղիկները, ծաղիկների բույրը, մեղուների արբած բզզոցը, մեղուներն ասես գինարբուկի մեջ լինեին
Այնպիսի պտույտներ էին անում, չէիր հասկանում, թե ինչու են արբած ղեկին նստել: :))
Իսկ ծաղիկների գունեղ շերտերին թիվ ու համար չկար: Բազմագույն, բազմաշերտ, բազմերանգ ու բազմահոտ: Բազմա... չգիտեմ էլ ինչ... "քաղաքակրթությունից" անտեղյակ այս դաշտերն անսահման շքեղ ու ստեղծարար են: Վիշապագորգ հիշեցնող դաշտերի թռչունները նույնքան բազմերանգ ու բազմագույն էին, որքան այդ դաշտերը... ծաղիկների միջից պարբերաբար երևացող ու անհետացող շեկ շլդիկների ականջները... մեր մեքենային անընդհատ ծիկ էին անում ու ծլկում... ասում եմ անտառ են ծլկում, բայց անտառ էլ չկա, ով ասաց, որ չկա, ապա աջ նայիր, ու... զարմանում ես, մի քանի րոպե առաջ, "քաչալ" սարերի կողքով էինք անցնում, իսկ հիմա դաշտի կողքով դեպի վեր էր ձգվում մի հին ու բարի անտառ: Հասանք Թթու ջուր:


Դե, տղա, ուր է քո թթու ջուրը, բեր գոնե համը տեսնենք: Գնաց: Մի քանի րոպեից եկավ, ողջ դեմքը ուրախությունից փայլում էր: Ասաց, տեղ եմ քեզ տանելու: Էլի???, հիմա ուր... 

Սկզբից բան չասաց, բայց երբ Թթու ջուրից դուրս եկավ, էլ չէր կարող ոչինչ չասել
- Սարը տեսնում ես, պիտի բարձրանանք, ճանապարհ կա, - ասաց, - քարտեզով նայիր, սարի մյուս կողմը, ինչ է....

...Մյուս կողմը Հանքավանն էր... ահա այսպիսի անակնկալ... Եվ ուրեմն ճամփա բռնեցինք Ծաղկունյաց լեռներ՝ Թթու ջուր - Հանքավան: 15 րոպեից բավական սղլիկ ճամփան հատելուց հետո, մեր առջև բացվեց մի կինոտեսարան. ներքևում վիշապագորգ հիշեցնող ծաղիկներով դաշտերն էին, արևմտյան կողմից՝ քառագագաթ Արագածը, հարավային կողմից՝ Արան և Արարատը: Բա օդը... օֆ-օֆ...

Իմ չքնաղ Հայաստան, անուշահամ օդով, ... թե ինչ անմխիթար, եթե ոչ սարսափելի ճանապարհ էր դա, չեմ էլ ուզում հիշել, պարզապես հերթական անգամ զարմանում ենք, թե լավ, էս երկրի իշխանները չեն հասկանում, թե ինչ են հենց իրենք կորցնում, այս ճամփեքը չսարքելով, ու այս անասելի գեղեցկությունը չտեսնելով

Լեռնային լանդշաֆտը ամեն մի ոլորանից հետո ներկայանում էր նոր երկրաբանական ընդերքով: Օբսիդիան, Մարմար, տուֆ, բազալտ

Այս ճամփորդության ժամանակ տեսանք, թե ինչպես է լեռնային տարբեր բարձրությունների վրա փոխվում նույն ծաղկի տեսակը: Նույն զանգակները ներքևում ավելի բարձր էին, սակայն վերևում կարճ, բայց ավելի բուրավետ: Դաշտային կակաչները ներքևում ավելի նուրբ էին, իսկ վերևում, ավելի հաստ ցողով, թունդ բույրով

Սարերի կատարին: Հասանք մի կետի, ուր էլ վեր գնալու տեղ չկար, բայց իջնելու տեղ էլ չկար...:) Անամպ օր էր: Եթե ամպեր լինեին, երևի ձեռքով դիպչեինք...

Արծիվ տեսանք՝ որսը ձագերին էր տանում, շտապում էր, ասաց, ձեր հավեսը չունեմ, համ էլ ֆոտո չունեք, որ նկարեք...

Արբանյակային կողմնացույցը ցույց էր տալիս ծովի մակարդակից 2925 մ բարձրություն, մի քիչ էլ քշեցինք և հասանք 3 005 մետրին: Այնտեղից արդեն վայրէջք:

Որ ասում են մարդաբոյ շուն, խոտ, ծաղիկ... մոծակ, ճանճ, դա էլ տեսանք...

Խոտն ու ծաղիկները իրենց բույրով արբեցնում էին: Մի քանի կով հանդիպեցինք: Մի խոսքով մեծ կովեր էին, երևի այդ մարզի կաթը այդ մի քանի կովը կտային...:)

Վերջը... բարով-խերով վայրէջք կատարեցինք ուղիղ Հանքավանի կենտրոն: Առաջին տունը, որի կողքով անցնում էինք: Մի մարդ դուրս եկավ ու... ասես գժերի նայեր, երևի հասկացավ, թե որտեղից էինք գալիս... էդ կողմից ուրիշ տեղ ճամփան չէր գնում...:)))) հասանք :

Մեքենան լավ հոգնել էր, բայց ասֆալտը տեսնելուն պես ասես համբուրեր այն: :)


Комментариев нет:

Отправить комментарий